Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Թե ինչպես մեր կովը «աչք առավ»

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Թե ինչպես մեր կովը «աչք առավ»
17.01.2014 | 12:34

Արևը նոր է ծագել: Մեր միակ սենյակում երեխաներվ քնած ենք, հայրս ու մայրս վաղուց են արթնացել… «Չըլմը՜փ-չըլմը՜փ… Չըլմը՜փ-չըլմը՜փ» - սենյակի միջանցքից լսվում է ձայնը` մայրս խնոցի է հարում: Բոկոտն վազում էինք սենյակից դուրս, ալյումինե մեծ դաբոյի մեջ մայրս շուռ էր տալիս խնոցու պարունակությունը, սպիտակ թանի վրա գնդված էին ոսկեգույն կարագի մանրիկ լեռները… Մայրս ամեն մեկիս մի պստիկ գունդ կարագ էր դնում՝ լավաշի կտորի մեջ`մեր նախաճաշը: «Չըլմը՜փ-չըլմը՜փ… Չըլմը՜փ-չըլմը՜փ» - մի սովորական օր էր, արթնացանք և դուրս թռանք՝ կարագը գնդելու ծեսին… Բայց ի՜նչ տեսնենք – մայրս տխուր ու շիվար կանգնած է, խնոցու թանը մի քիչ կապույտ երանգ ունի ՝ կարծես մեջը լեղակ են գցել, իսկ կարագի տեղ՝ ծանր փրփուր է կանգնած… «Իմ անմեղ անասունին էս ի՞նչա էղել», - մորմոքում էր մայրս… Մյուս օրը՝ նույն պատմությունը – թանը՝ կապույտ, կարագի տեղ փրփուր: «Վա՛խ, իմ լուս քոռնե՛ր, անասունն ա՜չքա առել… Վա՜խ, իմ էրեխեք մնացին անթացան»: «Չէ՜, էս կոփեցի Բերսոյի աչքն ա առէ, իմա՞լ անեմ»,- սա էր մորս փորձագիտական եզրակացությունը: Դե, մայրս դիվանագետ էր, հո ուղիղ մեղավորի մոտ չէր գնա, մի միջնորդ էր պետք էս գործում: Գնաց Բերսոյի էրիկի՝ կոփեցի Գասպարի մոտ. «Ափեր Գասպա՜ր, լեզուս չորներ՝ քեզի էս բան չասի, մամե Բերսոյի աչք կովին ա կպէ, կաթ լեղակ ա կտրէ», - ասում է մայրս: «Անիկ ջան, դու աբահով գնա, ես Բերսոյի պապու պառեկ… Ես ինչոր պետք ա՝ կենիմ»: Չեմ հիշում, թե ինչ արին, կարծեմ անասունից մի երկու մազ տարան, հմայություն արին… Եվ մեկ օր անց՝ երբ «Չըլմը՜փ-չըլմը՜փ… Չըլմը՜փ-չըլմը՜փ» ձայները լռեցին, դուրս թռանք - և տեսանք կարագի մանրիկ լեռները՝ սպիտակ թանի հարթավայրում փռած: Երկրից գաղթած ծերերը աչքիս դեմ են՝ Ալմաստը, Բերսոն, Սաչլոն, Նազիկը… Բոլորն էլ ժողովրդական բժիշկներ էին: Գային, մեր գլխից մի-մի մազ տանեին, թուղթուգիր անեին՝ աչք առած մեր երկիրն ուղղվեր, մեր հող ու ջուր, անասուն ու մարդ առողջանային, պտուղ տային:

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ